«Չնայած Արամ Քոչարյանը դեռեւս պաշտոնավարում է, բայց ՀՀԿ-ում Լոռու մարզպետի պաշտոնի համար համարյա աճուրդ է հայտարարված»,-գրում է «ՉԻ»-ն՝ շարունակելով. «Անզիջում պայքարի մեջ են մտել ծագումով լոռեցի երկու ՀՀԿ-ականներ՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի դեպքում կուսակցությունը իրեն «պարտքի տակ» է զգում, քանի որ Շարմազանովը համարյա «մաղարիչ» էր արել խմբակցության ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու առթիվ, բայց «իր փոխարեն» Գալուստ Սահակյանը նշանակվեց:

Շարմազանովն ի նշան անհամաձայնության՝ առ այսօր իր դռան վրա փակցնել չի տվել ցուցանակ, որպեսզի ստիպված չլինի ներսուդուրս անելիս կարդալ՝ «ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանով»: Շարմազանովը հարազատ նժդեհականներից նեղացած է մնացել նաեւ այն պատճառով, որ մեկ ուրիշ երիտասարդ հանրապետականի՝ Արմեն Աշոտյանի հարցը արագ լուծեցին՝ նշանակելով կրթության նախարար, իսկ իրեն «թթվեցրել» են քարտուղարի՝ ոչ այնքան բարձր աթոռին»: Ըստ թերթի ՀՀԿ-ական   աղբյուրների, հնարավոր է, սակայն, որ Լոռվա ներկայիս մարզպետին փոխարինի բոլորովին ուրիշ մեկը՝ օգտվելով Շարմազանով-Սահակյան մրցակցությունից: