ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ:
Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաեւ ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երեւանից եւ ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» եւ «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում:
«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով եւ այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարեւոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը եւ այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ եւ հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի եւ տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», - շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը:
«ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաեւ միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից:



























