Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Հայկ Հովհաննիսյանը մարտի 17-ին ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանից: Հայկ Հովհաննիսյանը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել, ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 4 ամբաստանյալներին՝ Հայկ Հովհաննիսյանին, Արման Մխիթարյանին, Նարեկ Սարգսյանին եւ Ալբերտ Ավագյանին եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: Սակայն, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում է կայացրել եւ նրանց ազատ արձակել դատարանի դահլիճից, իսկ Հայկ Հովհաննիսյանն ու Արման Մխիթարյանը կալանքի տակ մնացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանն իրենց առաջադրված մեղադրանքն ընդունել են եւ զղջացել են իրենց կատարած արարքի համար:
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:



























