Թաիլանդի ոստիկանությունը հայտարարել է դավադրության բացահայտման մասին, որի նպատակը վարչապետի սպանությունն էր: Ինչպես հաղորդում է Reuters-ը` նախօրեին ոստիկանությունը զենքի պահեստ է հայտնաբերել, որը պատկանել է  «կարմիր վերնաշապիկների» առաջնորդ Ուիթիփոնգ Կոչատամկունին (Wuthipong Kochathamakun): Վերջինս փախուստի մեջ է գտնվում: 

Բացի այդ, կապված զենքի հայտնաբերման հետ` 9 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը պնդում է, որ կասկածյալները ծրագրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել: Ոստիկանության ղեկավար Ջաքթիփ Չաջինդան հայտնել է, որ գտնված զենքերի թվում էին նաեւ թիրախային հրացաններ` նախատեսված երկրի վարչապետ Պրայուտ Չան-օչի սպանության համար: