Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչների ջրի խնդիրը չի լուծվել. գյուղացիներն արդեն երկու ամսից ավելի է կանգնած են խմելու ջուր չունենալու խնդրի առջեւ: NEWS.am-ի հետ զրույցում Ծաղկաշենի բնակիչներից՝ Արմենը, նշեց, որ արդեն մի քանի անգամ տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետարանին, գյուղապետարանին, բայց ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ ոչինչ չի արվում:
«Արդեն չգիտենք՝ որտեղից բերենք խմելու ջուր, ծորակից հոսող կեղտոտ ջուրն անհնար է օգտագործելը: Ամեն անգամ կողքի գյուղերից չենք կարող գնալ բերել, ոչ էլ այքան գումար ունենք, որ խանութից գնենք»,-ասաց նա:
Ծաղկաշենցու խոսքով՝ մարզպետարանից եւ գյուղապետարանից ասել են, որ խնդիրը կփորձեն լուծել, երբ եղանակաները տաքանան եւ հնարավոր լինի գտնել ջրատար խողովակաների այն մասը, որը վնասված է եւ որտեղից էլ կեղտոտվում է խմելու ջուրը. «Եղանակները տաքացան, այդ ուղղությամբ էլ ոչինչ չի արվում»:
Ավելի վաղ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Ծաղկաշենի բնակիչներից Վրույր Մակարյանը նշել էր, որ գյուղի ջրի խողովակները ցրտից սառել են, որի հետեանքով 20 օրից ավելի գյուղում ջուր չի եղել, իսկ ջրի մատակարարման վերականգնումից հետո այժմ ծորակից կեղտոտ ջուր է հոսում, որն անհնար է օգտագործելը:
Նրա խոսքով գյուղացիները ձյուն են հալեցնում ջուրն օգտագործելու համար, իսկ խմելու ջուր ստիպված են լինում խանութներից գնել, կամ հարազատներին խնդրել, որպեսզի այլ բնակավայրերից ուղարկեն:



























