Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է Ելիսեյան պալատում «ստվերային կաբինետ» ստեղծելու մեջ։ Համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել France 2 հեռուստաալիքի եթերում։
Քաղաքական գործիչն իր ելույթում նշել է «Բարի գալուստ Բովեի հրապարակ։ Ոստիկանություն. հնգամյակի ամոթալի գաղտնիքները» վերնագրով լրագրողական հետազոտության՝ շուտով լույս ընծայվելու մասին։ Համաձայն այդ գրքի՝ Ֆրանսուա Օլանդը կազմակերպում է իրեն հետաքրքրող անձանց հեռախոսազրույցների գաղտնալսումը։ Ինչպես ընդգծել է Ֆիյոնը՝ նախագահի կողմից նման գործողություններն ապօրինի են։
«Ես պաշտոնապես պահաջում եմ սկսել այդ գրքում բերված տվյալների հետաքննությունը, որովհետեւ, եթե դա ճիշտ է, ապա խոսքը պետական սկանդալի մասին է...Դեռեւս երբեք նախագահն իր ապօրինի գործողություններում այդքան հեռու չի գնացել»,- նշել է Ֆրանսուա Ֆիյոնը։


























