Հայաստանն ու Բուլղարիան կհամագործակցեն Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցքում, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Բուլղարիայի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հրիստո Ալեքսիեւի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կարեւորվել է Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցությունը Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցքում, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Վահան Մարտիրոսյանը, լինելով տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կայանալու է Երեւանում եւ Հրիստո Ալեքսիեւին հրավիրել է Հայաստան: