Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 24-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմենակ Ազարյանը:

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 33-ամյա Ա. Հարությունյանը, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: