Արագածոտնի մարզում 2017 թվականին նախատեսվում է 44 մլն դոլարի ներդրում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, այս տարի նախատեսվում է ընդհանուր առմամբ 830-840 մլն դոլարի ներդրում, որից 44-ը նախատեսվում է կատարել Արագածոտնի մարզում:

«Այս ներդրումով մենք իրականացնելու ենք 23 ծրագիր, բացելու ենք մինչեւ 1000 աշխատատեղ: Մենք այս բոլոր ծրագրերն անպայման իրականություն ենք դարձնելու»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց իրենց համայնքային 5 տարվա ծրագրի մասին՝ նշելով, որ բոլոր համայնքների բնակիչները պետք է ծանոթանան իրենց զարգացման ծրագրերին եւ համայնքապետի հետ միասին պետության աջակցությամբ դրանք իրականություն դարձնեն:

Միայն այս դեպքում, ըստ վարչապետի, հնարավոր է հաջողության հասնել:

Նշենք, որ ՀՀԿ-ն այսօր քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում: Կարեն Կարապետյանին ուղեկցում են ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արար Բաբլոյանը, ինչպես նաեւ Արագածոտնում ՀՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն ու Արագած Ախոյանը: