Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում կիրականացվի նախահետախուզություն խորությունը պարզելու նպատակով։ Այս մասին NEWS.am– ի թղթակցին հայտնել է Զանգեզուրի պղնձա մոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Ճգնաժամից դեպի զարգացում կոմունիկացիայի ուժով» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով նախահետախուզությունը կիրականացվի առաջիկա երկու տարիներին։ Հանքավայրի մակերեսը չի աճի, քանի որ մակերեսին այն ամբողջովին ուրվագծված է, սակայն կարելի է ստուգել, արդյոք խորքում նոր պաշարներ կան, հավելել է նա։

2017-ին կոմբինատը մտադիր է վերամշակել մոտ 19․3 տոննա հանքաքար, իսկ միջնաժամկետ հեռանկարում մտադիր չէ արդյունահանումը բարձրացնել տարեկան 22 մլն տոննա մակարդակից։ «Մենք գործում ենք տրամադրված արտոնագրի ու բնապահպանական ընթացակարգերի շրջանակում»,- վստահեցրել է նա։

Զանգեզուրի կոմբինատի գլխավոր բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է (60%), բաժնետոմսերի 15 տոկոսն էլ պատկանում է «Երեւանի մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին ( որի 51 տոկոս բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը նույնպես Cronimet-ն է)։