Ապրիլի 5-ից «Ամերիաբանկի» աջակցությամբ կաշխատի Drops վճարային համակարգը: «Դրոփս» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն Վահագն Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համակարգը թույլ կտա տարաժամկետել մի շարք պարբերական վճարումներ` ուսման վարձ, ապահովագրավճար եւ այլն: Հավելվածը հասանելի կլինի ArCa համակարգին միացած բոլոր բանկերի հաճախորդների համար, լինեն նրանք  ArCa, Visa թե Master քարտապաններ: Վճարումների պրոցեսինգը կկատարի «Ամերիաբանկը»:

Ինչպես նշեց «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, հավելվածը թույլ կտա հավասարապես բաշխել վճարումների ծավալը: «Աստիճանաբար վճարելը կարող է շատ ավելի հարմար լինել, քան եթե ստիպված ես միանգամից խոշոր գումար գտնել: Այսինքն՝ շատերին սա կազատի նաեւ նոր վարկերից», - պարզաբանեց Բարսեղյանը:

Ինչպես նշեց բանկի տեխնոլոգիայի եւ գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, Drops հավելվածը կարելի է բեռնել Apple Store կամ Google Play հարթակներից: Վճարումները պաշտպանված կլինեն առաջատար տեխնոլոգիաներով, ինչպիսիք են Verified by VISA եւ Secure Code, որոնք բանկն օգտագործում է իր օնլայն բանկինգի հաճախորդների համար: Բացի գաղտնանունից ու գաղտնաբառից (logiin, password) վճարումները կպաշտպանվեն անհատական sms-կոդերով:

Վճարումների միջնորդավճարը 1,9 տոկոս է կազմում: Մի շարք ընկերություններ համաձայնել են այն վճարել հաճախորդների փոխարեն՝ այս դեպքում միջնորդավճարը զրոյական կլինի:

Drops-ին արդեն միացել են մի շարք բուհեր, ապահովագրական ընկերություններ եւ տուրիստական օպերատորներ: Իսկ շուտով համակարգը հնարավորություն կստեղծի վճարելու գույքահարկը եւ Ճանապարհային ոստիկանության տուգանքները: