Երեւանի «Մոր եւ մանկան» առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոնում 2015թ. ամռանը վիրահատությունից հետո մահացած Կարինե Աղաբեկյանի գործով դեռեւս անցած տարվա հոկտեմբերին նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի կատարվել:
NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը նշեց, որ քննիչի որոշումից արդեն 5 ամիս է անցել, սակայն առ այսօր փորձաքննության օրը չի նշանակվել, նույնիսկ հանձնաժողովի անդամները չեն որոշվել:
Թե ինչու է անգործություն դրսեւորվում, տուժող կողմի համար պարզ չէ:
Նշենք, որ տուժող կողմը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից դժգոհ էր, քանի որ իրենց խոսքով, հստակ ոչինչ գրված չէր:
«Մենք բարձրացրել էինք եւ անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանի, եւ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանի հարցը, սակայն փորձագետներն անեսթեզիոլոգի մասով որեւէ ուսումնասիրություն չեն կատարել, իսկ վիրահատող բժշկի վերաբերյալ էլ եզրակացություն են տվել, թե բարեխիղճ մոլորության մեջ է եղել, բժշկական սխալ չկա: Փորձագետները հավատացնում էին, որ մահվան պատճառ է հանդիսացել վիրահատության ընթացքում ժամանակին չբացահայտված «ջրային ինտոքսիկացիան», որն իբր առաջացել է հիստերոսկոպիկ միջամտության ժամանակ ջրի մեծ քանակությունն հիվանդի անոթային համակարգ մուտք գործելու արդյունքում»,- ավելի վաղ ասել էր փաստաբանը:
Տուժող կողմը բողոքարկել էր եւ պահանջել կրկնակի փորձաքննություն նշանակել, ինչն էլ բավարարվել էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարազատները պատմել էին, որ Աղաբեկյանի վիրահատությունից հետո, երբ անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանը հիվանդի բերանից հանել է ինտուբացիոն խողովակը, անմիջապես հիվանդի մոտ սկսվել է շնչահեղձություն։ Բարսեղյանը շուրջ 20 րոպե լիդոկայինի եւ այլ դեղորայքի միջոցով շնչահեղձությունը կանխելու համար միջոցներ է ձեռնարկել, որից հետո հիվանդի մոտ նկատվել է արյունահոսություն, ինչի կապակցությամբ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանը պահանջել է խորացնել անզգայացումը, որպեսզի ախտորոշիչ նպատակով կատարի հսկիչ հիստերոսկոպիա: Ըստ հարազատների` Կարինեի վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն եւ արյունահոսություն, զուգորդվել են, եւ քանի որ անհրաժեշտ է եղել կատարելու հաջորդ միջամտությունները /միզապարկի կարում, արգանդի հեռացում եւ այլն/, ապա անեսթեզիոլոգը սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժանձնակազմից թաքցրել է Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչեւ այն ժամանակ, երբ այլեւս անհնար է եղել թաքցնելը. «Սա ուղղակի անբարեխղճություն է: Այս իրավիճակում բուժանձնակազմի կողմից թույլ է տրվել նաեւ տակտիկական սխալ, քանի որ ճիշտ չի գնահատվել, թե որ վտանգն է անմիջականորեն սպառնում հիվանդի կյանքին՝ շնչահեղձությունը, թե՝ արյունահոսությունը»:
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով:




























