ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը որոշում է կայացրել Բահրեյնին 19 F-16 տեսակի կործանիչ եւ համապատասխան սարքավորումներ վաճառելու մասին, հաղորդում է New York Times-ը:

Բացի օդանավերից՝ կվաճառվի նաեւ 23 շարժիչ, ռադարներ եւ «երկինք-երկինք», «երկիր-երկինք» դասի տեխնիկա: Գործարքի ընդհանուր արժեքը 4.7 մլրդ դոլար է գնահատվում:

Պարբերականը  նշում է, որ նախագահի վարչակազմը որոշել է մի կողմ թողնել Բահրեյնում մարդու իրավունքների պահպանման հետ կապված խնդիրները: Մատակարարումների մասին որոշումը վկայում է Մերձավոր Արեւելքում սուննիներին պաշտպանելու եւ Պարսից ծովում Իրանին դիմակայելու համար նոր դաշնակից գտնելու Թրամփի ցանկության մասին:

Բահրեյնին 2,8 մլրդ դոլարի կործանիչ վաճառելու հարցը բարձրացվել էր դեռ Բարաք Օբամայի օրոք, բայց Կոնգրեսը դեմ էր հանդես եկել՝ վկայակոչելով երկրում մարդու իրավունքների հետ կապված բարդ իրավիճակը: