Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չի թաքցնում, որ ամեն կերպ աջակցում է Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին:
«Ամեն ինչ աջակցում եմ եղբորս, ապրիլի երկուսին էլ գնալու եմ ու իմ ձայնն իրեն տամ»,- NEWS.am-ին ասաց նախկին նախարարը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանին դիմավորեց հենց Գագիկ Բեգլարյանը, մինչդեռ եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, հանդիպման էր եկել նախատեսված ժամից շուտ եւ դահլիճում սպասում էր: Հանդիպումից հետո եւս վարչապետին մինչեւ մեքենան ճանապարհեց Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Գագիկ Բեգլարյանը նեղացած է իշխանություններից եւ խոսակցություններ կային նույնիսկ, որ նա կլքի Հանրապետական կուսակցությունը: Ավելի ուշ Գագիկ Բեգլարյանը հերքել էր այդ տեղեկություններն ու հայտարարել, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:


























