ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ու նրա վեց օգնականները պետական գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն են ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին Քլինթոնը հեռացել է պետքարտուղարի պաշտոնից: Այս մասին հաղորդել է Fox News-ը՝ վկայակոչելով Այովա նահանգից հանրապետական սենատոր Չաք Գրասլիին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնի օգնականները պահպանել են գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը նաեւ այն ժամանակ, երբ 2015 թվականի ապրիլին Քլինթոնն առաջադրվել է նախագահական ընտրություններում: Գրասլիի խոսքով՝ սա ստուգելու հնարավորություն է ընձեռվել, երբ Բարաք Օբաման լքել է Սպիտակ տունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Սենատի իրավաբանական հանձնաժողովը գլխավորող Գրասլին հինգշաբթի սկսել է հետաքննել այս հարցը: Նրան անհանգստացրել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիի՝ անցյալ տարի արած հայտարարությունը, որ Քլինթոնն ու նրա օգնականները «չափազանց անփույթ են գաղտնի տեղեկությունների հետ աշխատելիս»: