ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, որն աշխատանքից ազատվեց Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների շուրջ սկանդալից հետո, պատրաստ է պատմել այն ամենի մասին, ինչ իրեն հայտնի է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա Մոսկվայի ազդեցության ենթադրյալ փորձերի մասին: Դրա դիմաց Ֆլինը քրեական հետապնդումից պաշտպանություն է պահանջում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Գեներալ Ֆլինն ասելիք ունի, եւ նա կցանկանար ամեն ինչ պատմել, եթե հանգամանքները թույլ տան»,- հայտարարել է նրա փաստաբան Ռոբերտ Քելները:

Հինգշաբթի ամերիկյան Սենատում լսումներ են սկսվել նախընտրական քարոզարշավի վրա ռուսական հաքերների ազդեցության մասին գործով, որոնց արդյունքում նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ:

«Մենք դիմակայում ենք զարգացած եւ հմուտ հակառակորդի»,- ռուսական հնարավոր միջամտության մասին հարցն այսպես է մեկնաբանել հանրապետական սենատոր Ռիչարդ Բերը: