«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի 2017 թվականի ընտրության գործընթացի առանձնահատկությունների մասին հայտարարությունները հանդիսացան նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենահաճախակի հնչողներից, սակայն դրանք «շրջանցեցին» երեւի թե ամենաառանձնահատուկ հանգամանքը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելին, խորհրդարանի ընտրությունն այլեւս լինելու է միակ համապետական ընտրությունը, սակայն նոր խորհրդարանի ձեւավորումից հետո դեռեւս մեկ տարի իշխանությունը լինելու է կիսանախագահական կամ Հայաստանի իրողություններից ելնելով՝ պարզապես նախագահական:
Ընդ որում, առանցքայինն այս հանգամանքում այն է, որ գործող նախագահը զերծ է երկու կարեւոր կաշկանդող կամ թելադրող գործոնից՝ նա չունի վերընտրվելու անհրաժեշտություն եւ մյուսը՝ նա չունի նախագահի պաշտոնին թե ժառանգորդ դնելու, կամ պարզապես նախագահի պաշտոնն իշխանության ձեռքում պահելու անհրաժեշտություն, անցանկալի անձի չհանձնելու անհրաժեշտություն:
Դա, իհարկե, նրա ձեռքերը լիովին չի ազատում, քանի որ կա վարչապետի խնդիրը 2018-ի համար:
Ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանի նախագահության վերջին մեկ տարին ստանում է բոլորովին այլ երանգ, եւ հարց է առաջանում, թե երկու կարեւոր կաշկանդող հանգամանքներից զերծ պայմաններում Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կգործադրի իր նախագահական լիազորությունը, ի՞նչ կանի նա համեմատաբար ավելի ազատ իշխանության վերջին մեկ տարում: Դա է լինելու ներկայիս իրավիճակի թերեւս ամենից էական առանձնահատկությունը, գուցե նույնիսկ որոշիչը: Առավել եւս, որ հենց այդ երկու հանգամանքից ձերբազատվելու համար է Սերժ Սարգսյանը գնացել սահմանադրական փոփոխության եւ վերացրել նախագահական ընտրության ինստիտուտը:
Վերջին հաշվով՝ իր նախագահության տասնամյակի ընթացքում Սերժ Սարգսյանը մշտապես եղել է հենց այդ ինստիտուտի ճնշման տակ: Նրա ոչ լեգիտիմության պայմաններում, ընդ որում՝ ոչ միայն հասարակության, այլեւ առաջին հերթին իշխող համակարգի ներսում ոչ լեգիտիմության պարագայում նախագահական պաշտոնը դամոկլյան սրի նման մշտապես կախված է եղել նրա գլխին՝ ներիշխանական հեղաշրջման վտանգով, որ ինչ-որ ժամանակ արտահայտվում էր Ռոբերտ Քոչարյանի դեմքով, որոշակի ժամանակահատվածից՝ Հովիկ Աբրահամյանի:
Ներկայիս անցումային փուլի գլխավոր առանձնահատկություններից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը, հենց դա է: Եվ այդ մեկ տարում է պարզ լինելու, թե ինչպիսի նախագահ է Սերժ Սարգսյանը, եւ ինչ է բաժին հասնելու Հայաստանում նրա նախագահությունից՝ արդյո՞ւնք ավելի շատ, թե՞ հետեւանք: Նախագահի պաշտոնի համար նրա իննամյա մշտական պայքարից Հայաստանին բաժին է հասել գերազանցապես հետեւանքը, բավական ծանր հետեւանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























