Այսօր՝ մարտի 31-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավագանու առաջին նիստը՝ օրակարգային 14 հարցերով: Ավագանու նիստին ներկայացել էին ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների թվով 15 անդամները:

Չնայած նրան, որ հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո ավագանու «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունների անդամների կողմից բոյկոտելու պատճառով ոչ մի մերպ հնարավոր չէր լինում ավագանու նիստ գումարել, այսօր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նշանակված ժամից 30 րոպե անց հայտարարեց, որ ներկա ավագանու անդամների թիվը բավարար է նիստն սկսելու համար:

«Արդեն բավարար թվով անդամներ կան որոշումներ ընդունելու համար, ես Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը հայտարարում եմ բացված՝ համաձայն ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի, ինչի առթիվ բոլորիդ շնորհավորում եմ»,- նշեց Մ. Ասլանյանը:

Շուրջ 3.5 ժամ տեւած նիստի ընթացքում բոլոր հարցերը միաձայն, բացառությամբ մեկի, հաստատվեցին ներկա ավագանու անդամների կողմից:

Չնայած համայնքի ղեկավարի կողմից նիստն իրավազոր լինելու մասին հայտարարարությանը, «Լուսավոր Հայաստան»-ից շարունակում են պնդել՝ կայացած ավագանու նիստն ապօրինի է:

«Դա միանշանակ ոչ իրավազոր նիստ է եղել, ապօրինի է եղել այդ նիստն ի սկզբանե, հենց այն ժամանակ երբ իրենք հղում էին կատարում 64 հոդվածի վրա: Դա բացարձակ որեւիցե իրավական հիմք չունի եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- այսօր նշեց Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը:

Գրեթե միաժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրեց հետեւյալ մեկնաբանությունը. «Մանդատագողությամբ ընտրված «քաղաքապետը» վախից չսպասելով ապրիլի 3-ին ապօրինի նիստ է գումարել։ Նիստն իրավազոր չէ, իսկ ընդունված բոլոր որոշումներն իրավական ուժ չունեն»։

Այս մեկնաբանությանը քաղաքապետ Մ. Ասլանյանը հակադարձում է. «Է. Մարուքյանը պոպուլիստական հայտարարություն է անում, ումի՞ց ենք մանդատ գողացել»: