Ցուցարարները, որոնք բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնցով թույլատրվում է գործող նախագահի վերընտրումը երկրորդ ժամկետով, հրկիզել են Կոնգրեսի շենքը Պարագվայի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հրկիզման պահին շենքի ներսում մարդիկ են գտնվել։

Կոնգրեսի շենքի հրկիզման ետեւում մարդիկ են, որոնք ուզում են խաթարել ժողովրդավարությունը հանրապետությունում, ասվում է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Twitter էջում։ Կառավարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պահպանի կարգուկանոնը երկրում, շեշտել է Կարտեսը։

Կոնգրեսի շենքում հրդեհը սկսվել է անկարգությունների ժամանակ, որոնք Պարագվայի մայրաքաղաքում սկսվել են այն բանից հետո, երբ նախագահին աջակցող 25 սենատորներ հաստատել են օրինագիծը, որը փոխնախագահին ու նախագահին հնարավորություն է տալիս երկրորդ ժամկետով առաջադրվել։ Քվեարկությանը ներկա չեն եղել 45 տեղանոց պալատի մյուս անդամները ու նրա նախագահ Ռոբերտո Ասեվեդոն՝ ընդդիմադիր կուսակցությունից։

Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին՝ կիրառելով ռեզինե փամփուշտներ ու ջրանետ սարքեր։ Ի պատասխան ցուցարարները իրավապահների վրա քարեր են նետել։

Ոստիկանության ու ցուցարարների բախումներից տուժել են նաեւ Սենատի նախագահ Ռոբերտո Ասեվեդոն ու ընդդիմադիր Լիբերալ-արմատական կուսակցության առաջնորդ Էֆրաին Ալեգրեն։ Տուժածների ճշգրիտ թիվն անհայտ է։

Օրենքի ստորագրումից հետո Պարագվայում պետք է հանրաքվե անցկացվի ու որոշվի՝ արդյոք նախագահը կստանա երկրորդ ժամկետով առաջադրվելու իրավունք, ինչը հիմա սահմանադրորեն արգելված է։