Ապրիլի 3-ին Գարեգին Բ Կաթողիկոսն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի, հոգեւոր դասի եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթեւաններում ընդունել զոհվածների հոգիները: Թող Աստված Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին եւ շուտափույթ ապաքինում պարգեւի բոլոր վիրավորներին», - նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում` մաղթելով, որ Ամենողորմ Տերը խաղաղ եւ ապահով պահի Ռուսաստանը եւ նրա բարեպաշտ ժողովրդին: