Այսօր` նոյեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում Նոր Նորքի վարչական շրջանի Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում մեծ թվով բնակիչներ են հավաքվել: Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ երեկ` նոյեմբերի 15-ի գիշերը, այգում ավելի քան 2 հազար քմ տարածք ալյումինե թիթեղով պարսպապատվել է, պոկվել են այգու նստարանները եւ մի քանի բանվորներ, արդեն սկսել են հատել այգու ծառերը: Նշենք, որ այգում ծառերի թիվը շուրջ 200-ի է հասնում, որոնցից ամենամեծը 30 տարեկան է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչների տեղեկություններով, այդ տարածքի բոլոր ծառերը հատվելու են, քանի որ այդ տեղում կառուցվելու է 18 հարկանի բարձրահարկ շենք: Ի դեպ, ըստ նրանց, անցած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին այգում ավելացնել ծառերի, նստարանների ու կարուսելների թիվը, սակայն հիմա, ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլեւ գիշերով պոկել տարել են նստարանները, իսկ ծառերի մի մասն էլ կտրվել է:
Նշենք, որ «Վիշապի կոթողներ» տարածքում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ «ծովից ծով Հայաստան կերտած արքայի արձանի համար նույնպես տեղ չգտնվի այգում:
Եվս մեկ նկատառում. «Վիշապի կոթողներ» այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության զինանշանն է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ կողմից:








Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























