«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ունի իր կարծիքը եւ իր իրավունքն է վիճարկել ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների  օրինականությունը բողոքարկելու վերաբերյալ տարածած հայտարարությանը:

«Հայաստանի նախագահն ամփոփել է ընտրական գործընթացը եւ արդեն ասել է իր պաշտոնական կարծիքը, որն անփոփոխ է մնացել: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի այս որոշմանն իրավական ոչ մի գնահատական չեմ կարող տալ, իսկ քաղաքական գնահատական արդեն տվել ենք՝ այս ընտրություններում լուրջ խախտումներ չեն եղել, նոր մեխանիզմը, որը ներդրվել է, արդարացրել է, որոշ  խախտումներ, բնականաբար, եղել են, որոնք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Ընտրությունների արդյունքները ընդունելի են եւ միջազգային դիտորդների, եւ խորհրդարան անցած «Ծառուկյան» դաշինքի, «Ելքի»  եւ  ՀՅԴ-ի կողմից, բայց եթե մեր հարգելի գործընկերներն այլ կարծքի են, դա իրենց սահմանադրական իրավունքն է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունների արդյունքների  օրինականությունը բողոքարկելու վերաբերյալ: