Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը մինչեւ ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ: Այս մասին նշվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից Երեւան-Բեյրութ-Երեւան ավիաչվերթի պաշտոնական բացման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 10-ին:

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը եւ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ երկուստեք կարեւորելով չվերթը, երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

Մեխակ Ապրեսյանն իր խոսքում նշել է․ «Այս չվերթը սպասված եւ անհրաժեշտ էր: Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի Հայաստանի եւ Լիբանանի միջեւ առեւտրա-տնտեսական կապերի եւ զբոսաշրջային փոխադարձ այցելությոնների առավել ակտիվացմանը»։

Այցի ընթացքում քննարկվել է զբոսաշրջային այցելությունների ակտիվացման նպատակով Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համատեղ ծրագրեր մշակելու գաղափարը: