Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի առթիվ հանդես է եկել ողջույնի խոսքով: Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է նրա խոսքն ամբողջությամբ:
«Ուրախ եմ ներկա գտնվելու Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված այս տոնակատարությանը եւ 4-րդ համագումարին: Շնորհավորում եմ ձեզ հոբելյանի կապակցությամբ: Տասը տարին բավարար չէ, որպեսզի մարդը չափահաս կոչվի: Սակայն կազմակերպության համար այն բավարար ժամկետ է, որպեսզի դրսեւորվեն նրա կարողությունները: Սա ձեր առաջին, բայց եւ պարտավորեցնող հոբելյանն է, որը վկայում է կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաեւ համախմբվածության մասին:
Մենք մշտապես հետեւում եւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետեւողական աշխատանքի արդյունքն է նաեւ, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը: Իսկ հայերիս` ինքնուրույն, ձեռներեց եւ շատ անհատական մարդկանց միավորելն իսկապես շատ դժվար գործ է:
Այո´, ճակատագրի բերումով մեր ժողովրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս. հայրենիք, որին միշտ փորձել են բզկտել ու փոքրացնել: Եվ այդ զարգացումների շարունակական կրկնությունից խուսափելու միակ հնարավոր ուղին մեր անկախ պետականության վերականգնումն էր: Այսօր հայ ժողովրդի գոյության, պահպանման ու զարգացման հիմնական գրավականը Հայաստանի Հանրապետությունն է` մեր ազգային օջախը, որի անվտանգությունն ու բարեկեցությունը կախված է հենց մեզնից:
Անկախ պետականության վերստեղծումը հեշտ գործ չէր, սակայն դա այն մեծագույն պատիվն էր, որ մեր ժողովուրդը ստանձնեց կամավոր եւ գիտակցաբար` կրելով եւ՛ հաջողությունների, եւ՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը: Ստանձնեց, քանի որ դա է մեր տեսակը պահպանելու միակ հարատեւ ու կայուն ձեւը: Եվ այդ առաջին դժվարին օրերից մինչեւ այս պահը սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը եղել են մեզ հետ, մեր կողքին:
Հայոց վերականգնված պետականության շուրջ է համախմբվել մեր ողջ աշխարհասփյուռ ժողովուրդը: Հենց այդ համախմբման շնորհիվ էր, որ մեզ հաջողվեց կանխել Արցախի դեմ ծրագրված ցեղասպանությունը, սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար դատին եւ նպաստել հակառակորդի գերազանցող ուժերը հետ մղելուն: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաեւ թույլ չենք տալու, որ որեւէ մեկը փորձի մեզ ստորադասել:
Սիրելի հայրենակիցնե´ր,
Դարեր շարունակ աշխարհի բոլոր ծայրերում յուրաքանչյուր հայ եղել է մեր ժողովրդի դեսպանը նաեւ այն ժամանակ, երբ մենք զուրկ էինք պետականությունից: Այսօր, առավել քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենուր ամրապնդել հայի բարի համբավը` մեր ազնիվ ու ստեղծագործ աշխատանքով:
Ասածիս լավագույն ապացույցներից է Ռուսաստանի հայ համայնքը` իր հարուստ պատմությամբ եւ հզոր մարդկային ներուժով: Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ:
Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսեւորում է, որի զարգացմանը նաեւ նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը:
Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է շատերի համար: Սակայն դա հանգստանալու կամ մեր ջանքերը թուլացնելու պատճառ չպետք է լինի: Ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք Հայաստանի, Արցախի եւ սփյուռքահայության օջախների կապերը` նպաստելով մեր հավաքական կարողությունների զարգացմանը:
Իմ պաշտոնավարության առաջին քայլերից էր կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը: Այն արդեն կարելի է համարել կայացած կառույց, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի համար: Այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը եւ աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:
Սիրելի՛ բարեկամներ,
Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ բարձր գնահատել Ռուսաստանի հայերի միության շարունակական աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ կազմակերպության 10-ամյակի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի եւ հանուն համայն հայության իղձերի իրականացման»:




























