Զբոսաշրջիկները հայտնի Տրեւի շատրվան 2016-ին 1,4 մլն եվրո են նետել, հաղորդում է The Times-ը։ Ինչպես գրում է պարբերականը՝ հավանական է, որ դա ամենաեկամտաբեր հասարակական հուշարձանն է աշխարհում։

Ըստ ավանդույթի՝ եթե շատրվանին մեջքով կանգնել ու աջ ձեռքով նետել մետաղադրամն այնտեղ ձախ ուսի վրայով, Հռոմ վերադարձը երաշխավորվում է։ Շատ զբոսաշրջիկներ այդպես են անում։

Շատրվանի մետաղադրամներն օգտագործում են մի շարք բարեգործական կազմակերպություններ, որոնց աշխատանքի համար պատասխանատու է Caritas կաթոլիկ առաքելությունը։

Տրեւի շատրվանի կառուցումն ավարտվել է 1762-ին։ 2015-ի նոյեմբերին այն վերաբացվել է՝ 2,2 մլն արժողությամբ վերանորոգումից հետո։