Ապրիլի 15-ին, համաքաղաքային ծառատունկին առաջին հերթին կմասնակցեմ որպես Երեւանի բնակիչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը, նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու նոր գործընկերներ:
«Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր համագործակցությունը Եվրամիության հետ, եւ համոզված եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է ցանկացած ձեւաչափով փոխգործակցության համար», - ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ԵՄ-ն եւս պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխգործակցության ընդլայնման հարցում. «Ակնհայտ է, որ քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել: Մենք եւս կարեւորում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, եւ ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երեւանի զարգացման գործում»:
Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաեւ Երեւանում մայիսի 27-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցել միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Շնորհակալություն հայտնելով Երեւանում նախաձեռնվող ծրագրերի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար՝ Պյոտր Սվիտալսկին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու Եվրոպայի օրվան նվիրված Երեւանում անցկացվող միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին հրավիրել է մասնակցելու ապրիլի 15-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին: Սիրով ընդունելով հրավերը՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաքաղաքային ծառատունկին առաջին հերթին կմասնակցի որպես Երեւանի բնակիչ, ում համար անչափ կարեւոր է նախաձեռնության գաղափարն ու ավելի կանաչ Երեւան ունենալու ցանկությունը:




























