Կոստա Ռիկայում տեղի է ունեցել հայտնի Պոաս հրաբխի նոր ժայթքում: Ներկայումս արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում հայտնի Պոաս հրաբուխ այգին այցելուների համար փակ է: Փակվել են նաեւ հարակից ճանապարհները, փոխանցում է «Սինհուա»-ն:

Նախօրեին սկսվել է հրաբխի «չափազանց հզոր» արտաժայթքում, որը 8 րոպե է տեւել: Արտանետումների սյունը հասել է մոտ 500 մետրի:

Սեյսմոլոգիական ծառայության հրապարակած տեսանյութում երեւում է, որ արտաժայթքման ժամանակ խառանարանից մոխիր, գազ եւ ապարի շիկացած կտորներ են նետվել:

Կոստա Ռիկայի տարածքում 7 գործող հրաբուխ կա, այդ թվում՝ Պոասը, որը գտնվում է ծովի մակարդակից 2708 մետր բարձրության վրա: Խոշոր խառնարանի մեջ թթվային լիճ է գոյացել, որից մշտապես գոլորշի է բարձրանում: Հրաբխի հիասքանչ բնությունը ամեն տարի զբոսաշրջիկների է գրավում աշխարհի բոլոր ծայրերից:

Նշենք, որ ընթացիկ տարվա սկզբից նկատվում է հրաբխի ակտիվության աճ: