Գարեգին Նժդեհը 1918-1921 թվականներին շատ հայրենանվեր գործունեություն է ծավալել, սակայն նույն Նժդեհն անհասկանալի վարքագիծ դրսեւորեց երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Նժդեհի կերպարին եւ նրա ցեղակրոն ուսմունքին:

Նա կարծիք հայտնեց, որ Նժդեհի գաղափարախոսությունը պրիմիտիվ գաղափարախոսություն է եւ այդ ժամանակների նացիոնալ-սոցիալիզմից վերցված ինչ-որ բառակապակցություններ են:

«Դրանք պրիմիտիվ ազգայնականություն են: Իսկ պրիմիտիվ ազգայնականությունը նման է հաշիշի, որը մի քանի ժամ մարդուն կարող է կտրել իրականությունից», -կարծիք հայտնեց նա:

Սուրենյանցն անդրադարձավ նաեւ Նժդեհի «Այս ժողովուրդը պետք է ցեղենք» արտահայտությանը, նշելով, «Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ ասել` ի՞նչ է նշանակում «Այս ժողովուրդը պետք է ցեղել»:  Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել` ինչպե՞ս են ցեղում: Ժամանակակից հանրապետականներն էլ «ժողովրդին պետք է ցեղել» բառերը հասկանում են սաունա գնալը: Եթե որեւէ նժդեհագետ կամ հանրապետական ինձ բացատրի` ինչ է նշանակում «ժողովրդին պետք է ցեղել» արտահայտությունը, ես կընդունեմ»: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ «որեւէ լուրջ հանրապետական այդ գաղափարներին լուրջ չի վերաբերվում», իսկ նրանցից շատերը Նժդեհի գրքերն անգամ չեն կարդացել: