Եգիպտոսում ապրիլի 9-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում հայկական տուրիստական գործակալությունները շարունակում են տուրիստներին հանգստանալու ճանապարհել Եգիպտոս: Մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն դադարեցնելու չվերթները, քանի դեռ Եգիպտոս գնալ ցանկացողներ կան:

«Տուրիստը ինքը գիտի, թե որտեղ է լավ: Իհարկե մենք փորձում ենք ուղղորդել, բայց նա գնում է այնտեղ, որտեղ ուզում է: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Եվրոպան էլ առանձնապես ապահով վայր չէ»,-ասաց տուրգործակալներից մեկը:

Տուրգործակալությունների մի մասը միայն հայտարարեց, որ դադարեցրել է դեպի Եգիպտոս տուրփաթեթների վաճառքը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Եգիպտոսում արտակարգ դրության պայմաններում նրանք ինչպես են պատրաստվում ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, տուրգործակալներից մեկը պատասխանեց.«Երկրում հայտարարված է, բայց Հուրգադայում` ոչ, այնտեղ հանգիստ է»:

Հարցվածների շարքում միայն մեկը նշեց, որ զբոսաշրջիկին տրամադրում է ապահովագրություն, որը ներառվում է ուղեգրում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքներում պայթյուններ էին որոտացել, որոնց հետեւանքով առնվազն 45 մարդ զոհվել էր, ավելի քան 100 մարդ վիրավորվել: Երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: