«Հզոր Թուրքիա» կուսակցության գործողություններն ուղղված են  ներքին լսարանին, քանի որ յուրաքանչյուրն էլ ցանկանում է հասնել ճանաչվածության PR-ի միջոցով:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանը հատելու մասին «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչի աղմկահարույց հայտարարությունը:

«Ինչպես հայտնվել թերթերի առաջին էջերին: Պետք է անել ոչ սովորական մի բան, հայտարարել սահմանի անօրինական հատման մասին. Ներքաղաքականից բացի այլ մտադրություններ չեմ տեսնում այստեղ»,- նշեց Ռաչինսկին:

Մեկնաբանելով փորձագետների այն կարծիքը, որ Թուրքիայի իշխանություններն օգտագործում են «Հզոր Թուրքիա» կուսակցությանը` նպատակ ունենալով ցույց տալ, որ երկրում պահպանողական ուժերին հակակշիռ ձեւավորվում է ժողովրդավարականը, Ռաչինսկին նշեց. «Կառավարությանը պետք չէ ինչ-որ բան ցուցադրել, քանի որ ցանկացած հասարակությունում կան  մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք ժամանակից առաջ են անցնում, կարողանում են քայլ անել  անցյալի եւ ստանդարտների վրայով: Այլ հարց  է` արտացոլում է այդ կուսակցությունն այդ միտումները, բայց այն որ դրանք կան թուրք հասարակությունում` անկասկած է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է  NEWS.am, վերջերս Թունա Բեքլեւիչն ու իր մի քանի գործընկերներ հայտարարել էին, թե հատել են հայ-թուրքական սահմանը՝ «բարի նպատակներով»: Դրանից հետո նրանք եկան Երեւան եւ նույնը հայտարարեցին նաեւ Երեւանում, որից հետո հրավիրվեցին Հայաստանի ԱԱԾ եւ նրանց առաջարկվեց լքել երկիրը: