Մեծ Բրիտանիայում Էդինբուրգի համալսարանի գիտնականները քարե սյուներ են հայտնաբերել՝ դրանց վրա փորագրված պատկերներով։ Հետազոտողների կարծիքով՝ դրանք համաշխարհային աղետ են խորհրդանշում։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Phys.org-ին։
Արտեֆակտները հայտնաբերվել են Գյոբեքլի Թեփե տաճարական համալիրում։ Այն գտնվում է Հայկական բարձրավանդակում՝ Թուրքիայի հարավ-արեւեքում։ Դրանք մոտ 12 հազար տարեկան են։ Նման տարիքը համընկնում է ուժեղ կլիմայական փոփոխությունների ժամանակաշրջանի հետ, որի մասին պարզ է դարձել Գրենլանդիայի սառցե միջուկների վերլուծության ժամանակ։
Հաշվի առնելով վիճակագրական վերլուծությունը՝ գիտնականները պարզել են, որ սյուներին պատկերված կերպարները, հավանաբար, կապ ունեն համաստեղությունների ու աստղագիտական իրադարձությունների հետ։ Որոշ պատկերներ, օրինակ, առանց գլխի մարդը, կարող են խորհրդանշել աղետի հետեւանքները։
12 հազար տարի առաջ սկսվել է կտրուկ ցրտելու ժամանակաշրջանը, որի պատճառը, ըստ տարբերակներից մեկի, գիսաստղի ընկնելն է եղել։ Այդ պատճառով էլ գիտնականները ենթադրում են, որ Գյոբեքլի Թեփեի բնակիչները պատկերել են երկնային մարմնի հետ բախումը։




























