Երեկ թերթը ահազանգ է ստացել, որ նախօրեին ՀՀ ԶՈԻ-ում զինծառայողի սպանության հերթական դեպքն է գրանցվել։ Ըստ այդ ահազանգի, հրազենային վնասվածքի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գտնվող զորամասում 23-ամյա մի զինծառայող է մահացել։

Քննչական ծառայության լրատվական բաժնից երեկ մեզ հայտնեցին, որ հրազենային վնասվածքներից նշված զորամասում մահացել է 1987 թ. ծնված ժամկետային զինծառայող Ռոբերտ Գուրգենի Ավետիսյանը։ Հայտնեցին նաեւ, որ զինծառայողը զորակոչված է եղել Արմավիրի զինկոմիսարիատի կողմից։ Երեկվա դրությամբ հայտնի չէր, թե արդյոք դեպքի հետ կապված քրեական գործ հարուցվել է, թե ոչ, եթե հարուցվել է, ապա ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով։ Հայտնի չէր նաեւ, թե արդյոք դեպքի հետ կապված կասկածյալներ կամ ձերբակալվածներ կան, թե ոչ։

Ավետիսյանի սպանության հետ կապված ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը եւս ասել է, որ դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն, եւ իրեն հայտնի է միայն այն, ինչ «ՀԺ»-ին  արդեն հայտնել են ՊՆ քննչական ծառայությունից։

Թերթի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ։ Զորամասի զինծառայողների միջեւ վեճ է առաջացել, որը որոշ չափով հարթվել է։ Սակայն ժամանակ անց վեճը վերսկսվել է, եւ Ռոբերտ Ավետիսյանը գնացել է մարտական հենակետերից մեկում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկին «տեսնելու»: Ինչից հետո էլ կրակոցներ են հնչել։ «ՀԺ»-ին հասած տեղեկություններով, դեպքի ժամանակ մահացած զինծառայողի մոտ հրազեն չի եղել, եւ նրա վրա կրակ արձակողը մարտական հենակետում հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներից մեկն է եղել։ Համաձայն թերթին հասած տեղեկությունների, Ռոբերտ Ավետիսյանի վրա կրակ արձակողը զորակոչվել է 6 ամիս առաջ եւ շարքային զինծառայող է։ Նշենք, որ Արմավիր քաղաքի 23-ամյա բնակիչ Ռոբերտ Ավետիսյանը զորակոչված է եղել մեկ տարի առաջ, մինչ Ճամբարակի զորամաս տեղափոխվելը ծառայել է Լուսակերտի «ուչեբկայում»: