Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ թույլատրելուց հետո  Վանի նկատմամբ մեծանում է գործարար շրջանակների հետաքրքրությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  2 հայ գործարարներ ցանկանում են Աղթամար կղզու դիմաց հանգստյան գոտի ստեղծել եւ բանակցություններ են սկսել Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի հետ։

Հայ գործարարներն օրեր առաջ են այցելել Քանդաշօղլուին եւ իրենց նախագծի իրականացման համար աջակցություն  են ակնկալել։  Հայ գործարարների ներկայացրած նախագիծը ենթադրում է՝ առանձնատների տեսքով եւ այգով շրջապատված հանգստյան գոտի, որը կլինի Աղթամար կղզու դիմաց:

Քանդաշօղլուն նշել է, թե հայ գործարարները ուսումնասիրել են Գեւաշի շրջանում գտնվող տարածքները, որոնք անմիջապես կղզու դիմաց են:

«Պատարագին մասնակցելու համար եկած հյուրերը հյուրանոցներում այնքան էլ հանգիստ եւ ազատ չեն։ Այստեղ նրանք եւ հանգիստ կանցկացնեն, եւ կմասնակցեն Ս. Խաչի պատարագներին»,-նշել է Քանդաշօղլուն՝ ընդծելով, որ ներդրում անողները կարող են օգտվել հարկային արտոնություններից։