ՀՅԴաշնակցությունը մասնակցել է Սոցինտեռնի Խորհրդի հերթական նիստին, որը կայացել է նոյեմբերի 15-16-ին՝ Փարիզում: Նիստի արդյունքներով ընդունվել է բանաձեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով մասնակցել է նիստին:

Մանոյանի խոսքով, Սոցինտեռնը չափազանց կարեւոր է համարում առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Ընդունված բանաձեւում, ըստ Մանոյանի, խոսքը գնում է ԼՂՀ կարգավիճակի ֆորմալացման եւ տարածաշրջանի համար փոխընդունելի կարգավիճակի ընդունման մասին:

«Սոցինտեռնը նաեւ կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել հակամարտության գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ, որպեսզի հասնել համարժեք, համահավասար եւ միաժամանակյա փոխզիջումների»,- նկատել է Մանոյանը:

Խոսելով Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարության մասին, թե Սոցինտեռնը ԼՂՀ վերաբերյալ բանաձեւ չի ընդունել, Մանոյանը նկատեց. «Ալիզադեն վախեցել է արժանանալ Այազ Մութալիբովի ճակատագրին, որը գտնվում է աքսորում, ուստի նման հայտարարություն է արել: Ուղղակի նա շատ է ուզում վերադառնալ Ադրբեջան»: