Մոնթեբելոյի իշխանությունների` Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում հաստատակամության լավագույն դրսեւորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը:
Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով նոյեմբերի 22-ին այցելել է Մոնթեբելո քաղաք եւ հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար:
Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են Արցախի Հանրապետության Նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության այցը եւ պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները մեր երկրի հետ:
Այնուհետեւ ԼՂՀ նախագահն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն եւ հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել սփյուռքահայ այս գաղութի դերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման եւ Արցախին սատարելու գործում:
Հանդիպումներին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:




























