Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունը, թե նոյեմբերի 19-ին ԼՂՀ պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված զինծառայողը Մանվել Հազրոյանն է: «Ես ներկա պահին ոչինչ ասել չեմ կարող այդ մասին: Համենայնդեպս, մենք նման տեղեկություն չենք հրապարակել»,-ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Հազրոյանն է կրակել ծառայակիցների վրա, ապա ինքնասպանության փորձ արել, սակայն ողջ է մնացել:

Մերի Սարգսյանը նշեց միայն, որ նախաքննությունը շարունակվում է, ձերբակալված է մեկ անձ, նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Նրա նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, նախաքննությունը կատարվում է քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում: 

Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների, Հազրոյանը ազգությամբ եզդի է, բնակվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Նրան, ըստ NEWS.am-ի  տեղեկությունների, պարբերաբար ծաղրի են ենթարկել ծառայակիցները եւ անընդհատ «ռազբորկաների» հրավիրել: Հերթական «ռազբորկայի» ընթացքում Հազրոյանին հասցրել են այնպիսի հոգեվիճակի, որ նա ստիպված դիմել է զենքի օգնությանն ու կրակահերթ բացել, ինչի հետեւանքով չորս զինվոր մահացել է, իսկ չորսը, այդ թվում եւ Հազրոյանը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: