Բաքվեցի պաշտոնյաների հակասական հայտարարությունների եւ գործողությունների ֆոնին առանց միանշանակ պատասխանի է մնում այն հարցը, թե արգելվա՞ծ է, արդյոք, Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելը, թե` ոչ։
Ադրբեջանի խղճի եւ կրոնի ազատության կենտրոնի նախագահ Հաջի Իլգար Իբրահիմօղլուն դպրոցներում հիջաբ կրելու հարցի առնչությամբ նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիս է հրավիրել:
Ինչպես հայտնում է ադրբեջանական АPА գործակալությունը, Իբրահիմօղլուն նշել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում եւ բուհերում հիջաբ կրելու հետ կապված խնդիրներ են ծագում։
Նրա խոսքով, Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը 10 տարիների ընթացքում ձեռքնարկել է դպրոցներում հիջաբներով կանանց իրավունքների պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները։ «Մարդանովը, լինելով կրթության նախարար, պաշտպանել է հիջաբով կանանց իրավունքները։ Նա նաեւ ասել է, որ քանի դեռ ինքը նախարար է, դպրոցներում հիջաբի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Նախարարի ելույթներում խոսքը գնում է դպրոցական միատեսակ համազգեստի եւ ոչ թե հիջաբն արգելելու մասին»։
Սակայն հենց այստեղ է թաքնված հակասությունը։ Ադրբեջանի կրթության նախարարության որոշմամբ, երկրի բոլոր դպրոցներում պարտադիր հիմունքով դպրոցական համազգեստ է մտցվում, որը կապ չունի հիջաբ կրելու հետ։ Արդյունքում ստացվում է, որ հիջաբն արգելված չէ, սակայն պարտադիր դպրոցական համազգեստը բացառում է այն։





























