Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ կառուցողական համագործակցության ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես, քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Հայաստանի տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր:

Երկկողմ գործակցության ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներին: