ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ հայտնի պլաստիկ վիրաբույժ եւ բարերար Արմեն Վարդանիին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առողջապահության, մասնավորապես, պլաստիկ վիրաբուժության զարգացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների եւ փորձի կիրառումը` այն համարելով Արցախում պահանջված եւ անհրաժեշտ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին սատարելու եւ Լոս Անջելեսում «Հեռուստամարաթոն-2010»-ի հովանավորության համար:
Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:



























