ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, պարզվում է, լինելով խորհրդարանական, հանգամանալից տեղյակ չէ իր կուսակից Սպարտակ Մելիքյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջեւ բանավեճին: «Ճիշտն ասած, իրենց բանավեճին դուզգյունի չեմ առնչվել»,-այսօր՝ նոյեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում ասաց Այվազյանը:
Երբ նրան լրագրողները հիշեցրին, թե տեղյակ չե՞ք, որ Մելիքյանին պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում ստուգումներ իրականացնելիս ՎՊ փորձագետները 4000 դոլար կաշառք են պահանջել, Այվազյանը ոգեւորված հայտարարեց. «4000-ի՞ց, ես 3 միլիոնից եմ խաբար։ Էն, որ օդից գլխիս սարքեցին, էդ 3 միլիոնից եմ խաբար»: Նա նկատի ունի այն 3 միլիոն դոլար կաշառքը, որն իբր պահանջել էր բնապահպանության նախարար եղած ժամանակ:
«Մինչեւ հիմա էլ հլը ապացուցող զապիսները ցույց չեն տվել: Երեւի ինձ շատ են սիրում, դրա համար»,-կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց բնապահպանության նախկին նախարարը: Նա, ի դեպ, հայտարարեց, թե ինքը հիմա էլ է նախարար, թեեւ հանրահայտ է, որ պատգամավորի մանդատ ունի: Այնուամենայնիվ, Վարդան Այվազյանը չի կարծում, որ Վերահսկիչ պալատը կոռումպացված մարմին է: «Չեմ ուզում մեղադրանք ասեմ Իշխան Զաքարյանի, Վերահսկիչ պալատի հետ կապված»,-նշեց ՀՀԿ-ականը եւ հավելեց. «Իշխան Զաքարյանի կառույցը բացահայտում է փաստերը, դրանից հետո սկսվում են համապատասխան գործառույթները»։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























