Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության եւ ծառահատման փաստն այնքան է վրդովեցրել շրջակա շենքերի բնակիչներին, որ նրանք որոշել են ինքնակամ կանխել կատարվող ապօրինությունը: Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել այգու հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկն ու ասում էր, որ իր ամուսինն ու եւ մի քանի բնակիչներ քանդում են պարիսպը, որի ներսում շինարարություն է ընթանում: Բնակիչներին են մոտեցել ոստիկանության ներկայացուցիչները եւ բացատրություն պահանջել, թե ինչ իրավունքով են քանդում պարիսպները եւ համապատասխան փաստաթուղթ պահանջել:
Քաղաքացին, ով զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն, պնդեց, որ այգում շինարարություն իրականացնողները շահագրգռված են արագ ավարտել «իրենց սեւ գործը», եւ այդ նպատակով շինարարական աշխատանքներն անգամ գիշերն են շարունակում՝ լուսարձակների լույսի ներքո: «Ամուսնուս եմ զանգում, սակայն նա չի պատասխանում: Մտածում եմ, հանկարծ ոստիկանություն տարած չլինեն: Խնդրում ենք ձեր աջակցությունը»,-հայտարարեց քաղաքացին;
Ի դեպ, այգու մուտքի մոտ փակցված է, որ տարածքը բարեկարգվում է ՀՀԿ-ի կողմից։ Նկատենք, սակայն, որ այգու տարածքը 2010թ. ամռանը մի քանի անգամ դիտավորյալ հրդեհվել է, իսկ հետո այն վաճառվել է ՀՀ քաղաքացի ոմն Ռուբեն Կարախանյանին, ով ունի Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվություն, ինչով նախատեսվում է կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք:
Թեեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ուսումնասիրություններ կատարելու համար, սակայն այգում կատարվող անօրինական գործողությունները շարունակվում են:
Այգուն հասցվող վնասը կանխելու պահանջով հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը:





























