Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով 15 հազար եվրո վճարել Սիլվարդ Այվազյանին՝ 2006 թվականին հայ ոստիկանների կողմից սպանված Սեյրան Այվազյանի քրոջը։
Դատարանը վճռել է, որ մարդու իրավունքների պաշտպանության 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննել Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները։
Սեյրան Այվազյանը տառապում էր հոգեկան խանգարմամբ։ Տղամարդը միայնակ բնակվում էր ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2006 թվականի մարտի 5-ին Սեյրան Այվազյանը խանութից դանակ է գնել եւ անհայտ պատճառներով դանակահարել վաճառողին ու գնորդին։ Կարճ ժամանակ անց ոստիկանները նրա տուն են ժամանել։ Նախ նա փորձել է թաքնվել նրանցից, ապա դանակահարել ոստիկաններից մեկին, ինչից հետո իրավապահները կրակահերթ են բացել։ Ստացված վերքերից տղամարդը մահացել է։
ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանը հայցը ՄԻԵԴ է ներկայացրել 2008 թվականի նոյեմբերին։





























