Կանադայի Մոնրեալի մասնավոր տարրական դպրոցներից մեկի ծնողները դժգոհ են նրանից, որ իրենց երեխաները շփվում են 47-ամյա Կառլա Խոմոլկայի հետ։ 25 տարի առաջ նրան դատապարտել էին երկարատեւ ազատազրկման՝ աշակերտուհիների սերիական սպանությունների համար։

Կարլան ազատ է արձակվել 2005-ին, բանտում անցկացնելով 12 տարի։ Հետո նա անհետացել է տեսադաշտից։ Սակայն հիմա նա կամավոր է աշխատում մասնավոր Greaves Adventist Academy քրիստոնեական դպրոցում։ Դպրոցի աշխատակազմը նույնպես հաստատել է, որ Կարլան օգնում է իրենց, նաեւ դասավանդում երեխաներին։

Կարլան երեխաներին սովորեցնում է կենդանիների հետ վարվելաձեւ՝ իր սեփական շան օրինակով։ Ծնողները դիմել են դպրոցի տնօրենին՝ խնդրելով հրաժարվել Կարլայի ծառայություններից, բայց առայժմ նրանց խնդրանքը չի բավարարվել։

Ըստ օրենքի՝ Քվեբեկի դպրոցներում երեխաների հետ կանոնավոր շփումներ ունեցողներին ստուգում են՝ քրեական անցյալի առկայությունը պարզելու նպատակով։ Դպրոցի ղեկավարությունը գիտի, թե ում հետ գործ ունի։ Դրա համար էլ Կարլային երբեք մենակ չեն թողնում երեխաների հետ, վստահեցրել է դպրոցի ներկայացուցիչը։

1987-ին Կարլան ծանոթացել էր Փոլ Բերնարդոյի հետ, որը դարձել էր նրա առաջին ամուսինն ու հանցակիցը։

Փոլը անընդհատ ստորացնում էր իր հարսնացուին, քանի որ իրենց հանդիպման ժամանակ վերջինն արդեն կույս չէր։ Տղամարդը ներշնչել էր աղջկան , որ դրա դիմաց նա պետք է հատուցի իր կրտսեր քրոջ՝ Թեմիի կուսությամբ։ Համաձայնելով՝ Կարլան 1990-ին իր 15-ամյա քրոջը թմրանյութ է տվել, որի ազդեցության տակ Թեմին ուշագնաց է եղել։ Հետո Կարլան դիտել ու տեսագրել է, թե ինչպես է Փոլը բռնաբարում իր քրոջը։ Շուտով Թեմիի մոտ փսխումներ են սկսվել ու նա խեղդամահ է եղել, ինչը վերագրել են դժբախտ պատահարի։

Այդ զույգը առեւանգել, բռնաբարել ու սպանել է եւս երկու աղջիկների։ 1993-ին Կարլան դատապարտվել է 12 տարվա ազատազրկման երեք սպանությունների համար։ Դատավճիռը համեմատաբար մեղմ է եղել, քանի որ նա համաձայնել էր համագործակցել քննության հետ ու ցուցմունք տալ ամուսնու դեմ։ Փոլը դատապարտվել է ցմահ ազատազրկման։