Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրենների հետ:
ԱԳՄ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարեւորել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել միասնաբար եւ համատեղ ջանքերով` համերաշխության եւ նվիրվածության սկզբունքների հիման վրա: Դեսպանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նա ընդգծեց, որ դա հնարավոր դարձավ նաեւ աշխարհասփյուռ` մասնավորապես Լիբանանի հայ համայնքի ներգրավվածության եւ աջակցության շնորհիվ:
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայացած «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի արդյունքների, ընդունված որոշումների եւ առաջարկությունների մասին զեկուցել են Բեյրութի «Նոյան Տապան» ցուցասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն դոկտոր - պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման, հայ արվեստագետների համախմբման եւ հետագա գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարարպետ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը:




























