Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով 2010 թվականի սկզբից մինչ ներկա պահը բանակում գրանցվել է զինվորների մահվան 44 դեպք: Նոյեմբերի 25-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, որ այս տվյալները ստացվել են կազմակեպության ուսումնասիրությունների եւ տարբեր լրատվական միջոցների հաղորդած տեղեկատվության հիման վրա:
Ընդ որում, պաշտոնական տվյալներով, մահվան դեպքերից միայն 7-ն են եղել հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:
Սաքունցը նշեց, որ 2009 թվականին բանակում եղել է մահացության 39 դեպք:
Իրավապաշտպանի խոսքով, բանակում մահացությունների դեպքերի հիմնական պատճառը ներկանոնադրական հարաբերությունների խախտումներն են, կամ էլ հրամանատարների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը:
«Առավել սարսափելին այն է, որ սպանութան պատասխանատուները չեն բացահայտվում կամ դրանք փորձում են ձեւակերպել որպես ինքնասպանություն ու «ռազբոռկա», բայց իրապես երեւույթը բոլորովին այլ, խորը պատճառներ ունի»,-ասաց իրավապաշտպանը:
Նա հավելեց, որ ոչ մի հրամանատար կամ սպա պատասխանատվության չի ենթարկվել բանակում զինվորների մահացության համար:
«Մարմինը, որ կոչված է ապահովելու երկրի անվտանգությունը, ինքն է դարձել վտանգավոր իր քաղաքացիների համար»,-ասաց Սաքունցը` հավելելով, որ պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշումները եւ գերագույն գլխավոր հրամանատարի դիրքորոշումը, թե զզվում են նման թեմաներն արծարծողներից, քիչ հույս է ներշնչում, որ նրանք կամք ունեն համարժեք քայլերի դիմելու, հայրենիքն անվտանգ դարձնելու համար:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ ԼՂՀ-ի հարավային զորամասերից մեկում 6 օր առաջ 4 զինծառայողների սպանություններից հետո պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը եւ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն երկրի նախագահը, պետք է հրաժարական տան:





























