Այստեղ պետք չէ հնչեցնել ներդրողների անուններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, 1990-ականներին պետությունը կատարել է վայրի սեփականշնորհում, պարզապես պետությունն ի վիճակի չէր կառավարելու, ու որպեսզի ազատվի այդ բեռից առանց հեռանկարային ծրագրերի սեփականաշնորհեց բազմաթիվ օբյեկտներ:

«Հիմա այդպես չէ, սեփականաշնորհել չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա: Սեփականշնորհման հիմքում պետք է դրվեն հստակ չափորոշիչներ:  Առավելեւս այն խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Պետությունն իր գործիքներով պետք է վերահսկողություն ունենա»,-հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով առողջապահական օբյեկտների սեփականաշնորհմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Պետությունն ի վիճակի՞ է հիվանդանոցների դեպքում իր ներդրումային ցանցով հասնել եվրոպական ստանդարտներին, իհարկե չի կարող: Իսկ հնարավո՞ր է մասնավոր սեկտորը հասնի միջազգային չափանիշներին՝ ձգտում է: Քայլը առողջ է, իհարկե, ռիսկային տարրեր կան, բայց պետությունը պետք է կատարի իր վերահսկողությունը: ՀՀԿ-ն արդեն որոշում է կայացրել, որ ոլորտային գերատեսչությունների ղեկավարները պետք է գան ու իրենց տեսլականը ներկայացնեն, թե ինչ ճակատագիր պետք է ունենան այն բոլոր օբյեկտները, որոնք գնում են սեփականաշնորհման:

Մենք մի անգամ շատ հապշտապ եւ վայրի սեփականաշնորհման գործընթաց ունեցել ենք, դա մեզ դաս է եղել: Իսկ այժմ ինչ ներկայացված է... այստեղ պետք չէ հնչեցնել ներդրողների անուններ: Մենք դեռ չենք ընդունել օրենքը: Եթե ներդրողների անուններ հնչեին, ընդդիմությունը կասեր՝ արդեն ամեն ինչ որոշել եք, մինչդեռ ԱԺ-ում կարող են որոշ օբյեկտներ դուրս գալ ցանկից: