Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել: Նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակում: Սեւակ Շհոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել:

Նշված քրեական գործերով հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Սեւակ Շհոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, դատախազը կալանավորվել է:  Նախաքննությունը շարունակվում է: