78 տարեկանում վախճանվել է ճանաչված լեզվաբան, թարգմանչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ Սոնա Սեֆերյանը։ Նա ծնվել է 1939 թվականին Հալեպում։ 1960-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը, երկար տարիներ դասավանդել է պետհամալսարանում։

Սոնա Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել են ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970թ.), «Աստղիկ» տարեգիրքը (1988թ.), «Սահակ Պարթեւ» հրատարակչությունը (1990թ.)։ Սեֆերյանը Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարն էր, Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ։

Նրա գրչին են պատկանում «Իմաստախոս Շեքսպիրը», «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)» աշխատությունները, համատեղ կազմված Հայերեն-անգլերեն, Անգլերեն-հայերեն բառարաններ: Սեֆերյանը նաեւ անգլիական, ամերիկյան գրականությունից թարգմանություններ է կատարել (Լուիս Քերոլ, Ռ.Քիփլինգ, Ս.Ֆիցջերալդ եւ այլն)։