Կառավարության շտապողականությունը համայանքների խոշորացման հարցում անհասկանալի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը՝ հավելելով, որ կառավարությունը վերջին պահին է ներկայացրել օրինագծերի այս փաթեթը:

«Համայնքների խոշորացումով հետաքրքրված է երկրի ողջ բնակչությունը: Հարգելի կառավարություն, արդեն համայնքների խոշորացման 18 ծրագիր եք իրականացրել, որոնց արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն: Անձամբ եղել եմ մի շարք խոշորացված համայնքներում, մասնավորապես, Աշոցքում, Ամասիայում, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, մարդկանց մոտ նույն անհուսալի վիճակն է», - նշեց նա՝:

Վարդեւան Գրիգորյանը նաեւ մտահոգություն հայտնեց համայնքների խոշորացումից հետո դրանց տրամադրվող ֆինանսական աջակցություն ստանալու ճանապարհների մասին. «Խոշորացված համայնքներին մի քանի տեխնիկա է հատկացվել եւ լուսարձակներ են տեղադրվել, բայց դրանք չեն փոխել իսկությունները: Դրանք միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ են եղել, հիմա հարց է, թե արդյոք այս փուլում եւս միջազգային կազմակերպությունները կրկին կֆինանսավորեն, թե ոչ, որովհետեւ նոր պայմանագիր կնքված չէ», - ընդգծեց Վարդեւան Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ: