Գյուղատնտեսության նախարարությունից վերջերս աշխատանքից ազատվեցին լիցենզավորման վարչության եւ բուժսանիտարիայի տեսչության պետերը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր` նոյեմբերի 26-ին լրագրողներին ասաց, որ նրանք եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ։ Հիշեցնենք, որ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է հատկապես աղմուկ հանած բուժսանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի պաշտոնանկությանը, ապա Բերբերյանն այն կապեց պատգամավորներից մեկի հետ, որի բեռը ստուգման է ենթարկվել օդանավակայանում եւ արգելափակվել է։ Սակայն սույն պատգամավորի անունը չասվեց:
NEWS.am-ը հեռախոսով պարզաբանումներ խնդրեց նաեւ անձամբ Վռամ Գյուլզադյանից։ Նա ասաց, որ անձամբ ինքը սույն պատգամավորի հետ խնդիր չի ունեցել, խնդիրը ծագել է այդ պատգամավորի աղջկա եւ տեղամասային տեսուչի միջեւ։ Վ. Գուրզադյանը նույնպես հրաժարվեց ասել պատգամավորի անունը։
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկությանը, ապա Գյուլզադյանն ասաց, որ ներկայում արձակուրդի մեջ է, սակայն աշխատանքից ազատվելու դիմում չի գրելու։ Նա նշեց, որ նախարարն իրավունք ունի իր հրամանով ազատելու աշխատանքից, քանի որ արդեն քաղծառայության խորհուրդը տվել է համաձայնությունը։ Ըստ Գյուլզադյանի՝ իր պաշտոնանկությունը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանի հետ հակասություններով։ Նախարարը, ըստ նրա, դեռ տարիուկես առաջ, երբ նշանակվեց պաշտոնին, բարձրացրեց իր պաշտոնանկության խնդիրը։ Մեկ անգամ արդեն քաղծառայության խորհուրդը քննություն է անցկացրել այդ հարցի շուրջ եւ բացասական եզրակացություն տվել։ Գյուլզադյանն ասաց նաեւ, որ ներկա պահին այլեւս «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ չէ։




























